Search
Close this search box.

Փողերի ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 100 միլիոն 709 հազար դոլար: Նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 712 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները շարունակել են հունիս ամսվա համեմատ պակասել:

Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հուլիս ամսին կազմել է 55 մլն 935 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունիս ամսվա համեմատ, 5 մլն 221 հազար դոլարով ավելացել է:

Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը, փետրվարի 1-ից սկսած, մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ գումար է ուղարկում հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա մայիսին այն կազմել է 25 մլն 474 հազար դոլար, հունիսին՝ 33 մլն 422 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 185 հազար դոլար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL