Զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Նազարյանը, որի որդին եւս զոհվել է 44-օրյա պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց. «Հերոս տղերքի ծնողները կոչ արեցին այդ գունագեղ շոուն չեղարկել: Դրանից հետո արձագանքը այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, ասենք հրավառությունը հանեցին, ուրախ կատարումներ հանվեցին: Խնդիրն այն է, որ Սեպտոեմբերի 21-ը գունագեղ շոուներով չպետք է նշվի՝ անկախ նրանից, թե ինչ երաժշտություն է հնչում: Այսպիսի մեծածավալ միջոցառումներով չպետք է նշվի, որտեղ ծախսելու են 2 մլն դոլարից ավելի: Պատերազմի սկզբի առաջին տարելիցից ընդամենը 6 օր է մնում, երբ ունենք գերիներ անհետ կորած հարյուրավոր տղերք, որոնց մասունքները դեռ փնտրում են, այս իրավիճակում այսպիսի մեծածաբվալ շոու կազմակերպելն անընդունելի է: Շատ ծնողներ ավելի ծայրահեղ են մոտենում, ասում են՝ որեւէ տեսակի միջոցառում չպետք է լինի: Դա էլ կարելի է հասկանալ: Իրենք կարող էին խորհրդակցել հերոս զոհված տղերքի ծնողների հետ, գերիների ծնողների հետ, հարցնելով, թե ինչ են մտածում այս ամենի մասին»,-ասաց Նազարյանը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի ասում, որ անկախության օրը չպետք է նշվի: