Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում. Հայկ Մամիջանյան

«Նախորդ շաբաթ իշխանական քարոզչամեքենան արշավ էր սկսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, իբր փորձելով պատճառաբանել, թե նախագահ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվում էր Բադեն-Բադեն քաղաքում, որը շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մատինյանի կողմից հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում»,- այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված։ Եվ հաշվի առնելով, որ նախկինում օլիգարխ պատգամավորի տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի պատրաստել ներողության տեքստը։ Երբ օրվա ավարտին այդ քարոզչամեքենային միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ազատությունը», Հանրային հեռուստաընկերությունը, հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական, կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում»,- նշեց պատգամավորը։

Նրա ձևակերպմամբ՝ խոսքը վերաբերում է «խաղաղության» համաձայնագրին։ «Այդ համաձայնագիրը, պատերազմից բացի, ոչինչ չի բերի մեր երկրին։ Չեմ կարող չհիշատակել նաև այս ամեն ինչի ճարտարապետին՝ Սորոսի հիմնադրամից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին։ Եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար։ Թե ինչպես բյուջեից ահռելի գումարներ ծախսվեցին կառավարական առանձնատան վերանորոգման համար և այլն»։

Մամիջանյանը հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է ՀՀ հիմնադրամի՝ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման և տնօրինության հետ։ «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ պետական բյուջեում պարզապես գումար չկար և հերթական պարգևավճարների դոզան այն ժամանակ սարսափած խունտայի ներկայացուցիչներին տալու համար անհրաժեշտ էր, որ այդ գումարները ուղարկվեն պետական բյուջե»։

Պատգամավորն ընդգծեց, որ ՌԴ Պետդումայի ընտրությունների մշտադիտարկման համար ստեղծված ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում որևէ ընդդիմադիր պատգամավոր ներառված չէ։
«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների դեմ բացված քաղաքական, քրեական գործերի հետ կապված երկրից բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում»։

Խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՄԻՊ զեկույցի վերաբերյալ հայտարարության մասին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց. «ՄԻՊ զեկույցը կարող էր դառնալ աշխատանքի փաստաթուղթ, ապացուցողական այդ ահռելի բազան, որ ներառված է այդ զեկույցում, կարելի էր օգտագործել ի նպաստ ՀՀ քաղաքացիների, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, այլ ոչ թե փորձել կոծկել այդ իրականությունը և ԱԺ նիստերի դահլիճում փորձել իրենց համար մթնոլորտ չփչացնել»։

Please enter a valid URL