Այս օրերին խաղողագործները դժգոհում են, որ չեն կարողանում մթերել խաղողի կուտակված բերքը, խաղողագործները ընդհուպ փակել են Երևան մտնող ճանապարհները:
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը Armlife.am-ին պարզաբանել է, թե ինչու այս տարի համապատասխան քանակի մթերում չի իրականացվում.
«Հաշվի առնելով 2020-2021թթ. համաշխարհային համաճարակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերությունը կնքել է պայմանագիր ՌԴ տարածքում նոր դիստրիբյուտորի հետ, իրացման ծավալները նվազել են մոտ 3 անգամ, որի հետևանքով առաջացել է խնդիր գործարանում առկա պահամանների քանակի հետ կապված:
Ըկերությունը փորձել է սույն խնդիրը լուծել նոր պահեստի կառուցմամբ, որը պետք է համալրվեր Վրաստանի Հանրապետությունից հավելյալ պահամանների ձեռք բերմամբ, սակայն ապրիլ ամսվանից պահեստի շինարարությունը չեն կարողանում սկսել տարբեր գերատեսչություններից համապատասխան թույլտվությունների բացակայության պատճառով:
Վերը նշված խնդիրների պատճառով ընկերությունը չի կարող կազմակերպել խաղողի մթերման աշխատանքները»,-նշված է պարզաբանման մեջ: