Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործարարներին հորդորեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ «Դուք երևի գիտեք, թե ես ինչքան եմ պայքարել ու պայքարում, որ տնտեսությունն ազատ գործի։ Բայց այս թվերն առաջացնում են շատ մեծ մտավախություն, որ եթե հասարակության ու բիզնեսի վարքագծում էական փոփոխություններ չլինեն, ապա հավանական է, որ առողջապահական համակարգը չկարողանա այլևս դիմանալ Covid-ով հիվանդների ճնշմանը։ Եվ ստիպված կլինենք որոշակի սահմանափակումների գնալ։
Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, աշխատողներին կողքի դնել այս պահպանողական մոտեցումը, լինել առաջադեմ ու գնալ պատվաստվելու։ 21-րդ դարում պահպանողական լինելը շատ հաճախ վնաս է տալիս, պետք է գնալ պատվաստվել։ Մենք պատվաստված մարդկանց քանակով աշխարհում վատ տեղերում ենք և սկսում ենք տարբեր ռեյտինգներում կարմիր զոնաներում լինել, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է թուլանալ։ Իսկ դա մեր այսօրվա մարտահրավերների պայմաններում մեզ պետք չէ»,- ասաց Քերոբյանը։