Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը և դեմ են արտահայտվում համայնքների խոշորացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիա իրականացնողները նաև պահանջում են լուծել սահմանի անվտանգության խնդիրը և վստահեցնում, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է։
«Թուրքերի մեջ ենք ապրում, մենք պահանջում ենք, որպեսզի սահմանային անվտանգությունն ապահովվի նորմալ ձևով։ Երեխաներին վախենում ենք դպրոց ուղարկել, շորերով ենք քնում։ Համայնքի խոշորացմամբ ոչ թուրքերն են հետ գնալու, ոչ էլ դիրքերն են ամրապնդվելու։ Երեխաները հաճախ են կրակոցների ձայները լսում, գալիս իրենք են ասում, որ հերթական անգամ կրակեց թշնամին»,- նշում են բնակիչները։
Նրանք նաև բողոքում են, որ թշնամին արդեն իրենց անասուններն էլ է տանում, խոտհարքների մեծ մասն էլ չի հնձվել, որովհետև սահմանին մոտ է, չեն կարողացել բարձրանալ։
Ճանապարհը փակած անձանց թվում կար նաև հաշմանդամություն ունեցող անձ, ով անվասայլակով էր։
Դիմելով ոստիկաններից մեկին՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նշեց, որ ժողովուրդն իրենից մի քանի օր է պահանջում է հարցի լուծում գտնել։
«Ես դիմել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, սակայն բացարձակ ոչ մի պատասխան չկա։ Պետք է հաշվի առնեն, որ մեր համայնքի բոլոր 18 գյուղերն էլ սահմանապահ են, բոլորը պաշտպանում են իրենց հայրենիքը, և անհրաժեշտ է կարծիք հարցնել այս մարդկանցից»,- ասաց Ավետյանը և հավելեց, որ ինքը, այնուամենայնիվ, հորդորել է, որպեսզի բնակիչները նման միջոցների չդիմեն, սակայն իրենց ձայնը պետք է լսելի դառնա։
Ոստիկանները բնակիչներին հորդորեցին բացել ճանապարհը, ինչից հետո սկսեցին ուժ կիրառել։