«Մենք շատ անհանգստացած ենք այս պահին ստեղծված իրավիճակով և համարում ենք, որ այդ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս մեր տնտեսությանը և զբոսաշրջությանը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելու ու գումար գանձելու հարցին։
Նա նշեց, որ ԱԱԾ-ն, Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարություններն աշխատում են օր առաջ այս հարցերը լուծելու համար։ «Բնական է, որ պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքին անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն։ Ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և ի վերջո վերանան»,- հավելեց Քերոբյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից այս ամենն արվում է էսկալացիայի նպատակով։ «Մեր գործողություններում մենք փորձում ենք էսկալացիա թույլ չտալ և միաժամանակ խնդիրները հետևողականորեն լուծելով՝ գնալ առաջ»,- հավելեց նա։