Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է Ադրբեջանը հենակետ դրել Գորիս-Կապան ճանապարհին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։

«Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, դրանք ունեն բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք։ 2020 թվականի դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիրքերը Խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց։ Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։ Եվ ես նախորդող շրջանում մանրամասն մեր մոտիվացիաները ներկայարցել եմ։

Այս համատեքստում ուզում եմ կրկին հիշեցնել 2010 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին։ Եվ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է և այդ հատվածում Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որ հետագայում վերածվել է պետական սահմանի։ Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից։ Այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին այնտեղ հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը։ «Եվ ժամանակին՝ 2020 թվականի դեկտեմբերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Եվ ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե նոյեմբերի 9-ի և թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ։

Եվ Հայաստանի Հանրապետությունը, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի Արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար հանրապետություն գնալիս պիտի հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայով։ Հաջորդ խնդիրը, որը շատ քննարկվել է և ենթադրում եմ, որ կբարձրացվի, թե ինչո՞ւ են հաղորդագրությունների մեջ կամ իմ կողմից կառավարության նիստում նշվել Էյվազլի կամ Չայզամի տեղանունները։ Դա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական սոցիալիստական հանրապետության տարածքում, այլն այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշատակած 2010 թվականի ընդունած օրենքով»,- ասաց Փաշինյանը։

Please enter a valid URL