ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ պատվաստումային գործընթացին ու այն կարգավորմանը, համաձայն որի՝ աշխատակիցները ամսական երկու անգամ կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն, կամ պատվաստումը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն, հակառակ պարագայում կա՛մ կկորցնեն աշխատանքը, կա՛մ գործատուները կտուգանվեն:
«Փաստորեն ժամանակն անցնում է, այս անգամ էլ պատվաստման գործընթացը չի հաջողվում, և Կառավարությունը որոշել է խնդիրը գցել իր ուսերից և տեղափոխել գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթ»,-ասաց պատգամավորը:
Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ով պետք է վճարի թեստի համար՝ աշխատո՞ղը, թե՞ գործատուն. «Եթե հանրային առողջության խնդիր է դրված, ինչո՞ւ պետությունը չի մասնակցում վճարմանը՝ ամբողջությամբ կամ մասնակի: Ինչո՞ւ է պետությունը խրախուսելու, իրազեկելու փոխարեն կիրառում հարկադրանքի միջոցներ՝ նոր խնդիրներ և վեճեր ստեղծելով աշխատանքային հարաբերություններում»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, թե նաև կիրառված սահմանափակումներն են նպաստել, որ աշխարհի մի շարք երկրներում բնակչության 70-80 տոկոսը պատվաստվել է:
Պատգամավորն արձագանքեց՝ խոսքը 650 000 ախատողի, տասնյակ հազարավոր գործատուների մասին է, կարող են զանգվածային ազատումներ լինել. «Դուք՝ որպես նախարար, իրավունք ունեի՞ք նման հրաման տալու, որը հակասում է աշխատանքային օրենսգրքին»,-ասաց նա:
Ավանեսյանը պատասխանեց, որ բոլոր միջոցառումները, որ նախատեսված են նախարարի հրամանով, ունեն իրավական հիմքեր, որոնք համաչափ են: