Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին հարցին։

«Երբ 2021 թվականի գարնանը ես սկսեցի հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, ի հայտ եկավ մի խոսակցություն և բանաձևվեց հետևյալ կերպ՝ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պիտի կառավարվի։ Այս խոսույթով մենք հանդես եկանք նաև ընտրություններին նախորդած շրջանում, ընտրություններում այս կոնտեքստը ներկա էր։ Եվ մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար։ Որից հետո մենք մեր պատկերացումները բավական մանրամասն շարադրել ենք կառավարության ծրագրում, որն ընդունվել է ԱԺ կողմից։ Եվ այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ, մենք գնահատել ենք այդ ազդակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ։ Եվ այդ հայտարարությունները հնչել են հրապարակային։ Ուզում եմ ընդգծել, որ մեր մի շարք գործընկերներ հրապարակային պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ գործընթացին, որպեսզի այդ խոսակցությունը տեղի ունենա և լինի արդյունավետ»,- ասաց նա։

Հաջորդ քայլը, ըստ Փաշինյանի, ենթադրվում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այդ խոսակցությունը սկսելու համար։ Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային։ «Եվ ես կարծում եմ, որ խոսակցությունը տրամաբանորեն պետք է լինի նախ աշխատանքային, ապա եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ, պիտի լինեն և կարող են լինել նաև հրապարակային։ Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչը հայտարարել ենք և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,- հավելեց նա։

Please enter a valid URL