Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հարց ուղղեց գազի սակագնի մասին․ «Արդյոք մենք ունե՞նք որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ»։
Ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորանն ասաց․ «Կա որոշակի անորոշություն և կան որոշակի տենդենցներ, որովհետև երեկվա դրությամբ ռեկորդ եղավ՝ գազի գինը կազմեց 800 դոլարին համարժեք 1000 խմ համար։ Դա որոշակի հարցեր առաջացնում է»։
Ըստ փոխվարչապետի՝ բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ պերմանենտ բնույթ են կրում։ «Մենք ըստ էության ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած կա պնդում Գազպրոմի կողմից, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։ Բայց դա աշխատանքային պրոցես է, հիմա բանակցությունների գործընթաց է, հուսով եմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի հետ կապված։ Այս տարի, հուսով եմ, որ կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»,- հավելեց Մհեր Գրիգորյանը։