ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վերջին հարցազրույցը աղմուկ է բարձրացրել Բաքվում։ Պաշտոնյաներն ու քարոզչությունը Թրեյսիին «հիշեցրել» են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ու կարգավիճակի խնդիր չկա, եւ որ ամերիկյան կողմի նման պահվածքը վտանգի տակ է դնում Մինսկի խմբի հետագա գործունեությունը։
«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում և հետևաբար կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», ասել էր դեսպանը։
Բաքվի հակաարեւմտյան ընդգծված կեցվածքը դրսեւորվեց այն պահից, երբ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները հայտարարեցին, որ եռակողմ հայտարարությունը խնդրի լուծում չէ։ Ընդ որում, այսկեցվածքը եւ քարոզչությունը համակարգվում է Կրեմլի համապատասխան բաժնից, եւ դրա ընդգծված օրինակը «Ֆրանսիայի կողմից Հայաստանը պոկելու»՝ անանուն աղբյուրին հղումով համատեղ քարոզչական աղմուկն էր։
Հայաստանի դեմ Մոսկվա-Բաքու-Անկարա ոճիրը՝ «մի գիշերվա ընթացքում հանգուցալուծման փորձը» միջազգայնորեն լեգիտիմացնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, չնայած Մոսկվայի՝ մի ոտքով Մինսկի խմբում մնալու հանգամանքին եւ ՀՀ-ում մոսկովյան խամաճիկ կառավարությանն ու խորհրդարանին, որոնք հրաժարվել են հայկական պահանջներից եւ իրավունքներից։
Հատկանշական է, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բաքվի այս աղմուկին եւ վերահաստատել այս հանգամանքը․ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում»։
Ի՞նչ է հետեւելու նոյեմբերի 9-ի գիշերվա «հանգուցալուծման փորձի», այսինքն՝ միջազգային պայմանավորվածությունները խախտելու փաստի արձանագրմանը։
Lragir.am