Search
Close this search box.

Դանակի 11 հարված ստացած Երեւանի ավագանու անդամ Արման Անտոնյանը կազդուրվել է. նա ելույթ ունեցավ

Ուզում եմ մեծ ուրախությամբ բոլորիս ասել, որ Երեւանի ավագանու անդամ, մեր գործընկեր Արման Անտոնյանը վերադարձել է շարք եւ արդեն այսօր մասնակցում է ավագանու նիստին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավագանու ննիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Անտոնյանն իր հերթին հանդես եկավ ելույթով՝ նշելով. «Ինչ պտք է ասի վերածնված մի մարդ, ով կյանքի ու մահվան կռվում Աստծո հրաշքով եւ կամքով հաղթահարեց դաժան կռիվն ու օր-օրի սկսեց ապաքինվել: Ապաքինվել օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 1-ին դիմակավոր թուրք բաշիբոզուկների կողմից իմ նկատմամբ մահափորձից: Ինձ երկար հետեւելով, ապա գիշերը ներխուժելով տուն, վնասելով նաեւ իմ ընտանիքի անդամներին, քնած վիճակում մահակների բազմաթիվ հարվածներից հիմնականում գլխիս, ապա դանակի ավելի քան 11 հարվածների վիրավորումներից: Թուրք բաշիբոզուկներ կողմից կյանք խլելու մի գործողություն, որը հարիր է միայն մեր թշնամի ազգին: Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, ուղիղ ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ, որում կարող էր իմ փոխարեն լինել ցանկացած մեկը այս դահլիճում կամ այս շենքում, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները նաեւ իր խղճի առաջ:

Այո, ես բազմիցս բարձրաձայնել եմ այս ամբիոնից, որ Երեւանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը, եւ ես որպես ավագանու անդամ կամ պետք է աչք փակեի այդ ամենի նկատմամբ, ինչը բացառվում է իմ պարագայում, կամ միջոցներ ձեռնարկեի այդ ամենը շտկելու եւ շարժվելու առաջ: Ինչը ի շահ Երեւանի արվեց նաեւ մահափորձից առաջ՝ հուլիսի 24-ին Երեւանի ավագանու նիստին նախագծի տեսքով: Զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից երկու օր հետո այդ թուրք բաշիբոզուկների կողմից մահափորձով ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց ու հիմնավորվեց իմ կողմից բարձրացված խնդիրները: Դատախազությունը բավական գործ ունի անելու քաղաքապետարանի ներսում»:

Արման Անտոնյանը նաեւ հավելեց, որ այդ խնդիրների համահեղինակները դեռ շարունակում են աշխատել այս շենքում. «Նաեւ նրանք, որոնք ցուցաբերում են տոտալ անգործություն ու անտարբերություն: Հարց բոլորիս. «Արդյոք մենք արել ենք եզրահանգումներ, հետեւություններ, ամենակարեւորը ինչ ենք արել այս ամենից հետո, կամ ինչ չենք արել կանխելու հետագա ոտնձգությունները եւ ավելի վատ Երեւանի հաշվին անձնական շահերի համար մարդու կյանք խլելու փորձերը»:

Ավագանու անդամը շնորհակալություն հայտնեց բոլորին սրտացավություն դրսեւորելու եւ աղոթքների համար, բժիշկներին, որոնք փրկեցին կյանքը: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Աբովյանի ԲԿ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանին, Երեւանի Միքայելյանի հիվանդանոցի կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Please enter a valid URL