Պատերազմի հետևանքով առաջ եկած սոցիալական բազմաթիվ խնդիրների, հազարավոր վիրավորներին առողջապահական պատշաճ ծառայություններ մատուցելու ֆոնին վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետբյուջեի հաշվին հոգալ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների՝ ամուսին, զավակ, ծնող, առողջապահական ծախսերը: Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է խորհրդարանի նախագահին անձնական բժիշկ տրամադրել:
Թե ի՞նչ տրամաբանությամբ են առանձնացվել հենց այս երեք պաշտոնյաները, հասկանալի չէ: Չնայած՝ կառավարության որոշումներում տրամաբանություն վաղուց պետք չէ փնտրել: Եթե հարցը դիտարկում ենք բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում, ապա այս ցուցակում պետք է տեղ գտնեին անվտանգության խորհրդի անդամները նույնպես: Պետական պաշտոնյաների մասով դիտարկելիս՝ Հայաստանում գործող բժշկական հաստատություններն անվճար ծառայություններ պետք է մատուցեն նաև պատգամավորներին, նախարարներին և այլն:
Գաղտնիք չէ, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաններին ու նրանց ընտանիքի անդամներին (ընդհուպ ազգականներին) հիվանդանոցներն անվճար սպասարկել են առանց հավելյալ օրենքների, այսպես ասած՝ ներքին կարգով: Դա, իհարկե, ինչ-որ կարգով «թուղթ-թամասով» կարգի են բերել ու փաթաթավորել պետպատվերի անվան տակ:
Իշխանությունն այժմ քնել-արթնացել է ու որոշել հերթական աբսուրդային որոշումը հրամցնել հասարակությանը: 44-օրյա պատերազմից հետո փոխանակ մտածելու յուրաքանչյուր դրամը խնայելու, պետական բյուջեն չմսխելու մասին, Փաշինյանի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում իր ու մյուս իշխանավորների համար հարմարավետ կյանք ապահովելու համար: Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր զինծառայողներ արտասահմանում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեն, տղաներ կան, որ երկու ձեռքից ու ոտքից են զրկված, իսկ օրվա իշխանությունն ԱԺ նախագահին անձնական բժշկով է ուզում ապահովել:
Իրենց ժողովրդի ծոցից դուրս եկած համարող իշխանավորները, ըստ երևույթին, չեն տեսնում կամ տեսնում ու չեն հասկանում շրջապատի՝ «բայրաքթարների» ձայնն ականջում ապրող տղաների լուռ ցավը, այլապես ոչ թե իրենց ու գերդաստանի առողջապահական ծախսերը պետության վզին փաթաթելու մասին, այլ հանուն հայրենիքի առողջությունից զրկված ու կես մարդ դարձած տղաների ճակատագրի մասին կմտածեին:
Իհարկե, Աստված թող բոլորին առողջություն տա:
armlur.am