Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով բանակցություններ չեն վարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե արդյոք ֆորմալ բանակցություններ նախանշվո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարաբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ», – ասված է ԱԳՆ պատասխանում։