Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ վճարումներ կատարել՝ ճանապարհի այդ հատվածով անցնելու համար։ Վճարներն էլ փոխվում են՝ պայմանավորված մեքենայի տեսակով։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ են պատմել իրանցի վարորդները։
«Վարորդներից մեկը տեղեկացրել է, որ գանձվում է 30 դոլար գործարքի՝ թղթաբանության համար, 130 դոլար ճանապարհի համար, 260 դոլար` «Շալանդների» վրա բեռներ տեղափոխելու, 500 դոլար՝ վառելանյութերի համար։ Ասում են՝ եթե այդ գումարը մուծած չլինի, երկրորդ անգամ թույլ չեն տալու այդ ճանապարհով անցնել»։
Ադրբեջանցի ոստիկանները վճարումը չիրականացրած վարորդներից վերցնում են անձնագրի ու մեքենայի տվյալները։ Քոչարյանը տեղեկացրեց, որ այդ կարգի մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։
«Եթե գումար չունեն, պիտի գնա հասի Իրան, հաշվի համարը տալիս են, որ մուծում կատարեն։ Ամբողջությամբ բոլոր թղթերը նկարահանում են»։
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ բնակիչները անհանգստացած են։ Մեքենայով այդ ճանապարհով անցնելիս մի փոքր դանդաղելու դեպքում ստիպված են լսել ադրբեջանցիների ձայները։
«Մեր ժողովուրդը շատ անհանգիստ է։ Ճանապարհին ներկա պահին ադրբեջանցին զինված կանգնեցնում է Իրանից եկածների մեքենաները։ Առայժմ մեր մասով միջադեպ չկա։ Էնքան որ մի քիչ դանդաղեցնում ես կամ կանգնում, գոռում են վրադ՝ «դավայ, արագ քշի, անցի»։ Առայժմ այսքանը, բայց դա լավ բանի չի բերում։ Եթե սկսել են իրանցիներով, կվերջանա մեզնով»,- ասաց Քոչարյանը։