Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում:
Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով իր առաջնահերթությունները` ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ:
«Մենք փորձում ենք օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես օրակարգում են մեր հարաբերությունները Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-Խաթիբզադեի խոսքը մեջբերում է «Azariha» հեռուստաալիքը։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում: