Ռուս զինծառայողները, շարունակելով իրենց խաղաղապահ առաքելությունը Արցախում, առաջին անգամ մարդասիրական ակցիա են անցկացրել` տեղի 300 դպրոցականներին խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Ըստ հաղորդագրության՝ բարերարների խնդրանքով նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմական տրանսպորտով Հայաստանից բեռը հասցրել են Արցախ:
«Այսօր մենք պլաստմասե տարաներով հումանիտար գույք ենք բեռնել` ապահովելով դպրոցների, հեռավոր բնակավայրերի մանկատների անխափան ջրամատակարարումը: Այս բեռը երեկ առաքվեց, այսօր արդեն որոշված են այն հաստատությունները, ուր մենք տեղափոխելու ենք: Այսօր այդ տարաները կբաժանվեն, կլցվեն և միացված կլինեն պոմպային համակարգին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին խմելու ջուր կուտակելու համար հանձնել են 3 և 5 տոննա տարողությամբ տարաներ: Տեղադրվելուց հետո դրանք անմիջապես լցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ:
«Մեր դպրոցը ծանր վիճակում է, սեպտեմբերի 1-ից և ամռանը մենք ջուր չունեինք և դա շատ դժվար է: Աշակերտները ստիպված են իրենց հետ ջրի շշեր վերցնել: Մենք նման վիճակ երբեք չենք ունեցել, այս տարի ենք հայտնվել նման բարդ իրավիճակում: Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին մեզ օգնելու համար: Հիմա նրանք տեղադրել են 5 տոննա տարողունակությամբ ջրի մեծ բաք, սա փրկություն է: Մենք կկարողանանք երեխաներին, ուսուցիչներին և աշխատողներին ապահովել խմելու ջրով: Շատ շնորհակալություն ռուս խաղաղապահներին, ռուսական փառահեղ բանակին, որ Արցախում ամենուր օգնում են ինչպես դպրոցներին, այնպես էլ գյուղերի և քաղաքների խաղաղ բնակիչներին: Սա առաջին անգամը չէ, ես դա տեսել եմ քաղաքում, և մենք բոլորս գիտենք, որ խաղաղապահներն օգնում են Արցախի ժողովրդին, շատ շնորհակալ ենք»,-ասել է Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Մկրտիչանը:
«Այսօր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին մենք իրականացրինք մեր առաջին գործողությունը, այն է՝ խմելու ջրի համար նախատեսված տարաների առաքումը Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի դպրոցներին: Իհարկե, սա չափազանց կարևոր է, քանի որ առանց ջրի կյանք չկա, մենք բոլորս գիտենք, որ կա այնպիսի իրավիճակ, որ երեխաները դպրոցում ընդհանրապես ջուր չունեն: Հետևաբար, մենք չափազանց կարևոր և առաջնային խնդիր ենք համարում հարցի վեր հանումը մեր համար և այն լուծել: Ես իսկապես հույս ունեմ, որ այս աջակցություններն անվերջ կլինեն, իսկ ջրի տարաների մասով մենք արդեն գնել ենք 21-ը և առաջիկա օրերին կաշխատենք ամեն ինչ անել դրանք տեղադրելու ուղղությամբ: Բայց մեր գործողությունները հաստատ սրանով չեն ավարտվի, մենք այժմ մշակում ենք գործողությունների ծրագիր: Իրականում հնարավոր չէ գերագնահատել խաղաղապահ ուժերի դերը, այդ համատեղ համակարգումը թույլ է տալիս ընդլայնել մեր գործողությունները և դրանց արդյունավետությունը: Կոնկրետ այս դեպքում խաղաղապահ ուժերը մեզ առաջին հերթին օգնեցին առաքել այդ տարաները, ինչի արդյունքում, անկեղծ ասած, մեզ թույլ տվեց խնայել հսկայական գումարներ: Այստեղ էլ խաղաղապահները տրամադրում իրենց ուժերը, որպեսզի հասցնեն ու տեղադրեն տարաները և ջուր հասցնեն այնտեց: Իհարկե, սա հսկայական աջակցություն է»,- ասում է Բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Միքայել Բադոլյանը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը գտնվում են շփման գծի մոտ:
Ավելի վաղ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ջրատարներով ավելի քան 30 երթ էին իրականացրել` Ստեփանակերտի 1,5 հազար բնակչի հասցնելով 200 տոննայից ավելի խմելու ջուր: