Search
Close this search box.

Ադրբեջանցիները մտել են հայկական դիրքեր, վախեցրել ու ծաղրել զինվորներին․ գողացել են բնակիչներից մեկի «ՈՒԱԶ»-ը

ArmDaily.am-ը գրում է.

Սյունիքի մարզի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած մի շարք բնակավայրերի անմիջական հարևանությամբ, իսկ երբեմն անմիջապես բնակավայրի տարածքում տեղադրվել են ադրբեջանական դիրքեր։ Տեղ համայնքի դիրքերից մեկում հայկական կողմում տեղակայված դիրքում զինվորների համար հարմարություններ չկան ստեղծված։ Ժամկետային 6-7 զինծառայող ապրում է վրաններում՝ զրկված տարրական հնարավորություններից, այնինչ նրանց անմիջապես առջևում 30-ի չափ ադրբեջանցի զինվորականներ են, որոնց համար ստեղծվել են լավագույն պայմանները ու դեռ շինարարաությունն էլ շարունակվում է։

Համայնքի բնակչությունը դժգոհում է, որ 30 ադրբեջանցի զինվորականների դիմաց մարտական հերթապահություն են իրականացնում 18 տարեկան զինվորները, որոնք վտանգի պարագայում ոչինչ չեն կարողանա անել։ «Երեք օր առաջ ադրբեջանցիները մտել էին մերոնց դիրք, վախեցրել էին զինվորներին, ծաղրել էին, նվաստացրել։ Անընդհատ էլ ձեռ են առնում մերոնց, հայհոյում են, նվաստացնում։ Երեսուն հոգու դիմաց 6-7 18 տարեկան էրեխեքն ի՞նչ անեն։ Ջուր էլ չունեն դիրքում էդ էրեխեքը։ Նայում ես մեր դիրքին, նայում ես ադրբեջանցիների դիրքին, թե ոնց են սարքել ամենալավ պայմանները ու հլը դեռ շարունակում են սարքել, մտածում ես բա լավ, ո՚նց է էսպես շարունակվելու»,- ասաց մեզ ահազանգող սյունեցին։

Վերջինս նշեց, որ երեսուն հոգով 6-7 18 տարեկան զինծառայողներին գերեվարելը խնդիր չի կարող լինել, անվտանգության հավելյալ միջոցներ պետք է կիրառվեն համապատասխան մարմիններին կողմից։ «Դիրքի շներին էլ էին գողացել ադրբեջանցիները՝ ես եմ գնացել ու հետ բերել։ 18 տարեկան էրեխեքն ի՚նչ անենք։ Շներին գողանում են, որ ինչ-որ բան անելուց զինվորները չիմանան՝ շները հաչում են, զգուշացնում։ Այսպես ո՞նց շարունակենք»,- հավելեց սյունեցին։

Տեղ համայնքի համայնքապետ Ներսես Շադունցը ArmDaily.am-ին պատմել է, որ հայկական դիրք ներխուժած ադրբեջանցիների մասին այս միջադեպին ծանոթ չէ, բայց փոխարենը ասաց, որ երեք օր առաջ Տեղ գյուղում բնակություն հաստատած արցախցի բնակիչներից մեկի «Ուազ»-ի վառելիքն ավարտվել է ու ստիպված շփոթվելով ադրբեջանցիների կողմից այժմ օկուպացված տարածք է մտել։ Մեքենան թողել է այնտեղ, եկել գյուղ, դիզվառելիքի հետևից, սակայն երբ վերադարձել է, «Ուազ»-ն այլևս տեղում չի եղել։ Ավելորդ է նշել, որ «Ուազ»-ն այդպես էլ տիրոջը չի վերադարձվել»։

Please enter a valid URL