Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։
«Մեր բնակչությունը հայկական է, վաղը, մյուս օրը մեզ կսկսեն ստուգել»,–ասաց նա և նշեց, որ իրենց ոչ մեկը չի զգուշացրել նման ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման համար։
«Ասում են՝ մենք, մեր տարածքը»,–նշեց նա՝ հստակեցնելով, որ ոստիկանական կետը տեղակայված է Կապան– Գորիս ճանապարհի Որոտանի սահմանի ռուսական հենակետի մոտ։
Կարո Քոչարյանը ասաց նաև, որ Հայաստանի իշխանությունից ոչ մի պարզաբանում չեն ստացել և չգիտի, թե ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ։ «Շատ մեծ է մտահոգությունը, ոչ թե պարզապես ոստիկանական կետ է, այլ ճանապարհային ոստիկանության կետ է, դա շատ բան է ասում, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել»,–ասաց նա։