Search
Close this search box.

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին միավորող «Հավերժ» ՀԿ-ի հիմնադիր Կարինե Մուրադյանի բաց նամակը` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին

Հարգելի տիկին Աննա

Դիմում ենք Ձեզ ՝ ակնկալելով, որ Ձեր մայրական սիրտը մի պահ կմոռանա Վարչապետի տիկին լինելու մասին և կհիշի, որ առաջին հերթին տիկին Աննան կին է ու ՄԱՅՐ:

Ձեր ամուսինը որոշում է կայացրել «գունագեղ» տոնի վերածել Սեպտեմբերի 21-ի Անկախության տոնը: Իսկ ի՞նչ եք մտածում Դուք, որպես հայ կին. ինչ գունագեղ տոնի մասին է խոսքը, երբ հազարավոր տղաների կորուստը ամեն օր զգում ենք մեր մաշկի վրա, երբ հազարավոր սգացող մայրեր, իրենց կորցրած, ամենուր փնտրում են իրենց զավակներին, երբ հազարավոր երեխաներ որբ են մնացել, երբ ունենք անհայտ թվով գերիներ, երբ երիտասարդ կանայք այրիացել են, երբ մինչ օրս Եռաբլուրում հուղարկավորություններ են կատարվում, երբ հազարավոր մայրեր չեն գտել անգամ իրենց զավակների մասունքները…. Ու երբ սեպտեմբերի 21-ից ընդամենը մեկ շաբաթ անց լրանալու է այդ հերոս տղաների կորստի մեկ տարին:

Հիմա կասեք, կյանքը շարունակվում է: Այո, բայց այն պետք է շարունակվի նաև մեզ համար: Մեր տղաները հերոսացան, մեր տղաները տվեցին հայրենիքին ամենաթանկը: ՄԵՆՔ ՝ նույնպես: Ու կմիխթարվեինք ու կամոքեինք մեր սրտերը՝ նրանց հիշատակը վառ պահելով ոչ միայն մեր տներում, այլև սեփական երկրում:

Ցավոք, սարսափելի իրականության ենք ականատես լինում: ՈՒ որքան էլ սիրենք Հայրենիքը, չենք կարող հաշտվել անարդար, ոչ մարդկային, անողոք իրականության հետ:

Մենք պահանջում ենք, որ Ձեր ամուսինը ՉԵՂՅԱԼ համարի «գունագեղ» միջոցառման մասին իր որոշումը:

Պահանջում ենք նաև հանդիպում նրա հետ, ուստի սպասում ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 16-ին ժամը 12:00 –ին Կառավարության շենքի դիմաց:

Հ.Գ. Մի անտեսեք հավերժ իրենց զավակներին կարոտ, սգացող , որդեկորույս ու կոտրված սրտով մայրերի կամքը: Աստծո դատաստանը կարող է սարսափելի լինել:

Հազարավոր որդեկորույս մայրերի անունից ՝ Հավերժ ՀԿ-ի հիմնադիր Կարինե Մուրադյան

Please enter a valid URL