Search
Close this search box.

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը 3 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Վիճակը բավարար է, արդեն 3 օր է, ինչ դուրս է գրվել հիվանդնանոցից, կկազդուրվի եւ մի քանի ամիս անց նորից կվիրահատվի: Եւս մեկ բարդ վիրահատություն է սպասվում աղիների հետ կապված»,-ասաց նա:

Նշենք, որ Արմանին մի անգամ վիրահատել են, հեռացրել մի երիկամը:

Արմանի հայրը պատմեց, որ չնայած բոլոր բուժումներն անվճար են եղել, սակայն իր որդու թոշակավորման հարցը վիրավորումը ստանալուց 2 ամիս անց, դեռ լուծված չէ. «Պետությունից դեռ ոչ մի օգնություն չենք ստացել, դեռ թոշակ չեն տրամադրել որդուս, միայն բուժումներն են անվճար եղել»:

Նշենք, որ Արման Աթասյանը ծանր վիրավորում ստանալուց հետո ազատվել է պարտադիր ժամկետային ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL