Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքն (6-0) ամեն ինչի մասին վկայում է:
«Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել է Կապառոսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6-0 հաշվով: Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։