Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից: Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:
Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: