ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում կամ չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե ինչ է նախատեսվում 2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության 7-րդ կետով, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:
2021թ․ հուլիսի 19-ին «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե կոնկրետ ինչ է նախատեսվում եռակողմ հայտարարության 7-րդ կետով և որ շրջանների բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր, օրինակ՝ 1990-ականներին հայաթափված ԼՂՀ Շահումյանի շրջանի Գետաշեն կամ Գյուլիստան գյուղերից բռնի տեղահանված անձինք կամ 2020թ․ օկուպացված Հադրութի շրջանի բնակիչները կարո՞ղ են վերադառնալ։ Եվ ընդհանրապես, ինչ նկատի ունեն հայտարարությունը ստորագրած անձինք «փախստականների վերադարձ» արտահայտությամբ։
Հուլիսի 19-ին ուղարկած մեր հարցմանը վարչապետի աշխատակազմն ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի՝ պարտավոր էր պատասխանել 5-օրյա ժամկետում (աշխատանքային օրեր) կամ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա պատասխանը տրվում է 30-օրյա ժամկետում՝ այն պայմանով, որ հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Տվյալ դեպքում վարչապետի աշխատակազմը ո՛չ 5-օրյա ժամկետում պատասխանել է մեր հարցմանը, ո՛չ էլ 5-օրյա ժամկետում տեղեկացրել է, որ պատասխանի համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել և այն կտրվի 30-օրյա ժամկետում։
Մեր հարցումն ուղարկելուց հետո, երբ արդեն անցել էր 8 աշխատանքային օր, զանգահարեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին, որը հայտնեց, թե երկու օրվա ընթացքում կպատասխանեն մեր հարցմանը, սակայն այդպես էլ պատասխանը չստացանք։ Մի քանի օր անց կրկին զանգահարեցինք Արմեն Խաչատրյանին և ստացանք նույն պատասխանը՝ երկու օրվա ընթացքում կուղարկենք։ Նմանատիպ խոսակցություն՝ նույն պատասխաններով, ստացել ենք ևս երեք անգամ, վերջինը՝ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին։ Արմեն Խաչատրյանը հայտնեց, թե պատասխանն արդեն պատրաստ է, սպասում են հաստատման և երկու օրվա ընթացքում կուղարկեն։ Մեր գրավոր հարցումից անցել է 33 աշխատանքային օր, սակայն պատասխանը այդպես էլ չենք ստացել։
Մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակ հարցեր էինք ուղղել այն մասին, թե ինչ է նախատեսվում եռակողմ հայտարարության՝ փախստականների մասին կետով, սակայն մեր հարցերին ոչ մի տեսակի արձագանք այդպես էլ չի եղել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում կամ չի ցանկանում պատասխանել իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի 7-րդ կետի մասին հարցերին։
Հիշեցնենք, որ արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանական զինված ուժերը Արցախի հայաբնակ մի շարք գյուղերում էթնիկ զտումներ իրականացրին։ Տասնյակ գյուղերից քաղաքացիական անձինք բռնի տեղահանվեցին, դաժանորեն սպանվեցին, գերեվարվեցին, նրանցից շատերի ճակատագիրը մինչև օրս անհայտ է։
2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով ևս հազարավոր հայեր տեղահանվեցին, ամբողջությամբ հայաթափվեցին Արցախի Հանրապետության Հադրութի, Շահումյանի շրջանները, գրեթե ամբողջությամբ՝ Քաշաթաղի շրջանը, բնակավայրեր Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից, Շուշի քաղաքն ու Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը։
Պատերազմի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը փախստականների վերադարձի թեմային անդրադարձել է 2020թ․ նոյեմբերի 25-ին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում։ Լրագրողի այն հարցին, թե ակնկալու՞մ եք փախստականների վերադարձ այն գյուղեր, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, Փաշինյանը հետևյալ պատասխանն է տվել։
«Այո՛, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարությամբ նախատեսվում է այդ մարդկանց վերադարձը իրենց տներ։ Հենց այդ կետի համար պետք է հստակ մեխանիզմներ ստեղծել, հստակ անվտանգության երաշխիքներ և հարկավոր է ապահովել և կազմակերպել այդ ամբողջ գործընթացը։ Այդ պրոցեսը պետք է առաջնահերթ դառնա բանակցային գործընթացի համար»։
Եվ նույնիսկ Փաշինյանի այս հայտարարությունում, որն արվել է պատերազմի ավարտից երկու շաբաթ անց, մեր հարցերի պատասխանները չկան, և եռակողմ հայտարարության 7-րդ կետը, ինչպես և մի քանի այլ կետեր, շարունակում են մնալ չիրագործված։
Նյութի աղբյուր՝ hetq.am