Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և «տաք-տաք» նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց կողմից այդ արարքը կապված է եղել այն հանգամանքով, որ առավոտյան «Ծիրան» սուպերմարկետում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչը Նոր Նորքի ոստիկանները օպերատիվորեն, տաք հետքերով պարզել էին, և այդ ժամանակվա ծեծկռտուքին մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել ու տեղափոխվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին, ինչից հետո այդ մասին իմանում են Բեյբությանները և գալիս են սուպերմարկետ ու սկսում վիճաբանել այնտեղ գտնվող մարդկանց հետ, թե՝ «դուք չէ՞իք կարող առավոտվա վիճաբանությունը ձեր մեջ պահեիք, չհայտնեիք ոստիկանություն»։ Այդ պարզաբանումը այնուհետև վերածվում է լեզվակռվի, հետո ծեծկռտուքի։
Բեյբությանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Կայքը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Է․ և Ռ․ Բեյբությանների մասնակցությամբ տեղի ունեցել ծեծկռտուքը։