Օրերս 44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գեւորգ Գեւորգյանը: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՊԲ հրետանու գնդապետ Գենադի Բաղդասարյանը:
Ի դեպ կալանավորված սպայի պաշտպան Գոռ Գեւորգյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այն ինչ տեղի է ունեցել եւ ինչի համար կալանավորվել է Գեւորգ Գեւորգյանը, անհիմն է եւ, նա որեւէ անգործություն չի ցուցաբերել: Ըստ նրա՝ կան այլ պատասխանատուներ, որոնցից մեկը ՊԲ հրետանու գնդապետ Գենադի Բաղդասարյանն է, որին ոչ թե պատասխանատվության են կանչել, այլ Պաշտանության նախարարությունում նոր պաշտոն են տվել։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: