Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Գետազատ -Երևան երթուղին սպասարկող «FAV» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
ՃՏՊ-ի հետևանքով 16 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, 14-ը՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնը:
«Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է բժշկական կենտրոնի հաղորդագրության մեջ: