Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։ Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։ Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։