Կորոնավիրուսի դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նկատում ենք հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ։ Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սա իսկապես ահազանգ է, որ բոլորս հասկանանք և առաջիկայում մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք, և ամեն մեկն իր հանրային պատասխանատվության մասը կրելով՝ նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը պաշտպանենք»,-ասաց նախարարը։
Այս պահին մոտ 1600 մահճակալ ունենք ծավալված, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։
«Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։