Search
Close this search box.

Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. հանրապետության իրավահաջորդ՝ դրա սահմաններով, որում Արցախը չի եղել. Մարկարով

Այն գործողությունները, որոնք ադրբեջանական կողմ իրականացնում էր և՛ մինչև պատերազմը, և՛ 5 տարի առաջ, և՛ 7 տարի առաջ, և՛ այսօր, ըստ էության, շարունակվում են, պարզապես տարբերությունն այն է, որ հետպատերազմական շրջանում շփման գիծը փոխվում է և, ցավոք, արդեն միջադեպերը տեղի են ունենում ավելի մոտ տարածության վրա, ինչը սկզբունքային տարբերություն է: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով սահմանային ընթացիկ լարվածությանը, ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներից, որոնցից հերթականի հետևանքով դիպուկահարի կրակոցից սեպտեմբերի 1-ին Երասխի ուղղության հայ պայմանագրային զինծառայող է զոհվել:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը, ըստ իրենց հայտարարությունների, փորձում է հասնել արցախյան խնդրի վերջնական լուծման:

«Վերջնական լուծումը մի քանի ուղղություններ ունի. մենք գործ ունենք նոր իրականության, նոր ստատուս քվոյի հետ և, ըստ էության, Ադրբեջանը փորձում է այս իրավիճակից ոչ թե քաղել երկարատև շարունակություն, այլ փորձում է խնդիրը լուծել՝ ստանալով առավելագույնը: Այսինքն, այն կապիտալը, որն իրենք ձեռք բերեցին ագրեսիայի արդյունքում, փորձում են տրանսֆորմացնել միջազգային քաղաքական փաստաթղթերի, բացի այն երկուսից, որոնք ստացել են նոյեմբերի 9-ից հետո, այն է՝ ունենալ փաստաթուղթ, որոնք չեն բավարարում ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ո՛չ Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Ադրբեջանի ցանկությունը հասկանալի է՝ ստանալ խնդրի վերջնական լուծում, հայ-ադրբեջանական համապատասխան փաստաթուղթ եւ միջանցքներ: Այստեղ կան մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, այլ նաեւ տարածաշրջանին, նաեւ՝ Թուրքիային»,- նկատեց Մարկարովը:

Մարկարովի գնահատմամբ՝ Հայաստանն այս պահին որպես խնդրի կարգավորման միջազգային ձեւաչափ դիտարկել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:

«Եթե խնդիրը ձեւակերպված է այնպես, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հիշենք, որ Ադրբեջանն իր անկախությունը հռչակվել է առաջին հանրապետության սահմաններով՝ իրեն հռչակելով դրա իրավահաջորդը, որի մեջ դեռեւս չէին մտնում ո՛չ Արցախը եւ ո՛չ էլ Նախիջեւանը, ուստի Հայաստանը կարող է դրանք ճանաչել առանց Արցախի: Բայց Ադրբեջանը լրիվ այլ կերպ է դիտարկում իր տարածքային ամբողջականությունը՝ լրիվ այլ սահմաններում, մենք՝ այլ, իսկ այդ հակասությունն ու պատկերացումների տարբերությունն էլ ենթադրում է այն, ինչը կոչվում է արցախյան էթնոքաղաքական կոնֆլիկտ»,- նկատեց քաղաքագետը:

Please enter a valid URL