Search
Close this search box.

Մարտահրավերները լուրջ են, ուժեղ, բայց Արցախը պետք է պահպանենք. Բաբայան

Ադրբեջանի ամենամեծ երազանքն է, որ մենք ինքներս հրաժարվենք մեր անցյալից, ներկայից ու մեր պետականությունից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անկախության 30-ամյակին։

-30 տարի ապրել ենք մեկ երազանքով՝ անկախության ճանաչումն է, այսօրվա մարտահրավերները որո՞նք են Ձեր կարծիքով։

-Այսօրվա դրությամբ պետք է Արցախը պահպանենք։ Սա ամենակարևոր առաջադրանքն է։ Արցախապահպանությունն ու արցախակենտրոն քաղաքականությունը պետք է դառնա հայոց պետականության, Հայաստանում և Սփյուռքում հասարակական-քաղաքական կյանքի առանցքներից մեկը։ Եթե դա չանենք, ոչ մի բան չի ստացվելու, կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ Հայաստանը։ Մարտահրավերները հիմնականում դրանք են, պետք է դիմակայենք։ Ճիշտ է՝ մարտահրավերներն ուժեղ են, լուրջ են, բայց կան նաև հնարավորություններ։ Ճիշտ աշխատելը, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելն է գրավականը։ Կարողանանք հավաքվել, լինել հայրենասեր, պրոֆեսիոնալ։

— Իսկ մենք գնո՞ւմ ենք այդ մարտահրավերներ հաղթահարելու ուղղությամբ։

-Քայլեր ձեռնարկվում են։ Ժամանակը ցույց կտա։ Հիմա շատ վճռորոշ պահ է, և պետք է անենք ամեն ինչ, պարտավոր ենք անել։

-Հայաստանի ու Արցախի միջև տարաձայնություննե՞ր են ի հայտ եկել, որ պաշտոնական Երևանը չի մասնակցում Արցախի անկախության 30-ամյակին։

— Կարծում եմ՝ պետք է դիմեք նրանց, ում ուզում եք իմանալ՝ եկել են, թե ոչ։ Ես լիազորված չեմ, պատասխանատու չեմ այդ ամենի համար։ Հայաստանից՝ ԱԺ-ից եկել է պատվիրակություն։ Բոլոր խմբակցություններն էլ եկել են։

-ՀՀ ԱԺ նախագահը և՞ս եկել է։

-Չգիտեմ, դա ճշտեք նրանցից։ Ինչքան գիտեմ՝ ԱԺ նախագահը չի եկել, բայց ճշտեք։ Դա ես չէ, որ պետք է ասեմ։

-Զգու՞մ եք, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը։

-Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ Արցախը Հայաստանի ապագայի երաշխավորն է։ Չի լինելու Արցախ, չի լինելու Հայաստան։

-Արցախը հրաժարվե՞լ է անկախ պետություն լինելու իր նպատակից։

-Դա Ադրբեջանի ամենամեծ երազանքն է, որ մենք ինքներս հրաժարվենք մեր անցյալից, ներկայից և մեր պետականությունից։ Այսինքն ազգից վերածվենք ժողովրդի, ժողովրդից ամբոխի, ամբոխից էլ ցեղատեսակի։ Հիմա դա են ուզում նրանք։ Ամեն հասարակությունում էլ կան մարդիկ, որոնք կարող են համարվել ժողովրդի և ցեղատեսակի պես մարդիկ։ Ամենակարևորն այն է, որ այդ ցեղատեսակը և ամբոխը չգերակշռեն, եթե գերակշռեն, ցանկացած պետականություն քանդվում է։

Please enter a valid URL