Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը՝ էլեկտրամատակարարման բացակայության պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Դատարանը գտնում է, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն: Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին. այն կմեկնարկի ժամը 13:00-ին:
Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Ըստ «Դատալեքս»-ի` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։