Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է դրանք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային:
Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ հրթիռ, թեև պարզ չէ՝ արդյոք դրանք բոլորը եղել են C-RAM պաշտպանության համակարգի կողմից, որը նախատեսված է հրթիռներից, հրետանիից ու ականանետային արկերից ցամաքային ուժերը պաշտպանելու համար:
Պաշտոնյան ներկայացրել է նախնական տվյալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամեն ինչ կարող է փոխվել։
Ընդ որում, ականատեսները «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը հայտնել են, որ հրթիռները հարվածել են օդանավակայանի մոտ գտնվող թաղամասին։ Ականատեսների խոսքով՝ ականներն ընկել են Քաբուլի Սալիմ Կարվան շրջանում: Պայթյուններից հետո հրաձգություն է տեղի ունեցել, բայց անհասկանալի է, թե ով է կրակել։
Ականատեսներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալությանը հայտնել է, որ սկզբում լսել է երեք պայթյունների ձայն, այնուհետև տեսել երկնքում կրակի նմանվող բռնկումը: Նրա խոսքով՝ պայթյուններից հետո մարդիկ սկսել են փախչել։