Search
Close this search box.

Արցախի ողջ տարածքում բջջային կապի ու համացանցի խափանումներ կան, որոշ համայնքներում կապը բացակայում է. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով, որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։

Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։

Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

ՄԻՊ աշխատակազմ ստացված պարզաբանումների համաձայն՝ հարցը ներակայացվել է ռուս խաղաղապահների ուշադրությանը, պետական իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական հզորությունների կատարելագործման և ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Please enter a valid URL