Search
Close this search box.

Ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացվել է

Կապան-Գորիս ճանապարհային հատվածը բացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Ճանապարհը նոր է բացվել, շուտով երթևեկությունը կվերականգնվի»,- ասաց Փարսյանը:

ՀՀ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 26-ի եռակողմ բանակցությունները ճանապարհի բացման շուրջ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի փոխանցմամբ, արդյունք չէին տվել, ճանապարհը մնացել էր փակ:

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ադրբեջանի կողմից միջպետական ճանապարհի փակումը անդրադարձել է նաև Իրանից կատարվող բեռնափոխադրումների վրա: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն:

Please enter a valid URL