Search
Close this search box.

ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ

Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը փակելը համարում է նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ։ Արման Թաթոյանը հայտնել է, որ միջադեպի հետ կապված հաղորդագրություններ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին։

«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիկան մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:

Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:

Please enter a valid URL