Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:
Խիստ դատապարտելի էին ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը:
Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները:
Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների:
Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ, և դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն:
Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,- նշել է Թաթոյանը: