Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծվիկ Մինասյանը ևս վնասվածք է ստացել ԱԺ-ում ծեծկռտուքի հետևանքով

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել, որն իրենից ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաև, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, և այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ՝ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսևորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», — ասաց Վարդևանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս միջադեպը Հայաստանի խորհրդարանական համակարգի պատմության խայտառակ էջերից մեկն է։

«Սա դառնալու է բավականին էական քրեական գործ։ Իսկ Աննա Մկրտչյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը մարդկայնորեն գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսևորել երիտասարդ աղջկա հանդեպ», — ասաց Վարդևանյանը։

Հարցին, թե միջադեպի ընթացքում իրեն ինչպես դրսեւորեց Նիկոլ Փաշինյանը, Վարդևանյանը պատասխանեց․ «Որքանով որ ես տեսա, անհապաղ հեռացավ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։

Please enter a valid URL