Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար: Մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ»,- ասաց նա:

«Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դառնում դրա մեկնարկի համար։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանը դեռևս չի ստորագրել ՌԴ խաղաղապահների մանդատը, և նրանց դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում ու գործողություններ են արվում։

Փաշինյանն ընդգծեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է, և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ-ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ԱԱԾ բարեփոխումների մասին և նշեց, որ ԱԱԾ-ն պետք է լինի հակահետախուզական մարմին։ «Այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն էականորեն ուժեղանալու է»,- ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ն այլևս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի, քանի որ ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե։

Please enter a valid URL