«Զվարթնոց» օդանավակայանը դարձել է ՀՀ քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման էպիկենտրոն:
Նախորդ գրառումներում անդրադարձել եմ օդանավակայանում կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման գործընթացի անտրամաբանությանը: Սակայն, պարզվում է, որ այն, ինչ կատարվում է «Զվարթնոց»-ում միայն անտրամաբանություն չէ:
Ուրեմն, քաղաքացիներից 15000 ՀՀ դրամով թեստ են վերցնում և, չսպասելով թեստի արդյունքներին, վերջիններիս բաց են թողնում, ասելով, որ կզանգեն և կտեղեկացնեն թեստի արդյունքների մասին: Դե այժմ պատկերացրեք, որ մարդը վարակված է: Նրան թեստավորում են և նույն րոպեին բաց են թողնում: Վերջինս ազատ է իր գործողություններում՝ նրան դիմավորում են, նրա շփումը որևէ կերպ չի սահմանափակվում: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է ոչ թե դիմակայել կորոնավիրուսային հիվանդությանը, այլ «Զվարթնոց» օդանավակայան ժամանող յուրաքանչյուր քաղաքացուց 15000 ՀՀ դրամ կորզել:
Սակայն, սա ամենը չէ: Պարզվում է, որ շատ անգամ քաղաքացիներին չեն էլ զանգում, տեղեկացնելու համար թեստի արդյունքների մասին: Դա արդեն ողջամիտ հարց է առաջացնում՝ արդյո՞ք քաղաքացիներն ընդհանրապես թեստավորվել են:
Ի՞նչ է սա: Անհիմն հարստացու՞մ, գրպանահատությու՞ն, թե՞ զանգվածային թալան:
Մինչ դուք գտնեք այս հարցի պատասխանը, փաստեմ, որ Հայաստանից մեկնելիս ՀՀ քաղաքացիները վճարում են 10000 ՀՀ դրամի չափով անհասկանալի հարկ (օդի փող), իսկ վերադառնալիս՝ նույնքան անհասկանալի 15000 ՀՀ դրամ: Կարծում եմ, որ սա դեռ վերջը չէ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից