Search
Close this search box.

Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է անցկացրել. ի՞նչ հարցեր են քննարկվել

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման եւ ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին։

Ինչպես տեղեկացնում է Արցախի Անվտանգության խորհրդրի գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաեւ ոլորտային մասնագետները։

Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։

Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու եւ ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։

Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։

Please enter a valid URL