Search
Close this search box.

Երեք զինծառայողների սպանությունների հետ կապված պաշտոնից ազատվել են Սիսիանի ռազմականի պետը և Գորիսի N զորամասի հրամանատարը

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։

ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։

ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։

ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ազատումները կապված են երեկ երեք զինծառայողների սպանությունների հետ։

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL