Search
Close this search box.

Այսօր Շուշիի Եղցահող գյուղի սահմաններից ադրբեջանական զինծառայողներին հեռացրել են

Շուշիի շրջանի Եղցահող գյուղը հսկող սահմաններից այսօր ադրբեջանական զինծառայողներին հեռացրել են։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղցահող գյուղի սահմաններից օրերս Պաշտպանության բանակի զինծառայողներին էին հեռացրել։ Գյուղապետին ու գյուղի բնակիչներին տեղեկացրել էին, որ ադրբեջանական զորքերը ևս հանվելու են սահմանից, և գյուղը հսկելու են ռուս սահմանապահները։ Արտակ Հակոբյանն ասաց, որ խոսքը «Սարիբաբ» կոչվող բարձունքի մասին է, որտեղ էլ կանգնած էին հայ ու ադրբեջանցի զինծառայողները։

«Այսօր մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական զորքեին հանել են Սարիբաբից։ Իրենց կողմից առաջխաղացում էր եղել ավելի վաղ, նախքան մեր զորքերի հանելը իրենք առաջ էին եկել։ Մեր զորքերը հանելուց հետո պայմանավորվածություն կար ռուս խաղաղապահների միջոցով, որ մեր բանակը հանվում է, ադրբեջանական կողմը 3 կիլոմետր հետ է գնում, սահմանները պահվում են ռուս խաղաղապահների կողմից։ Դեռ երեկ չէին գնացել, բայց այսօրվա մեկ ժամ առաջվա տվյալով իրենք այդ պոստից նահանջել են, հիմա խրամատները դատարկ են։ Նախկինում մեր համայնքին պատկանող անասնաֆերմա կար, հիմա իրենք մնացել են միայն այդ անասնաֆերմայի տարածքում»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Արցախի կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ առաջիկա օրերի ընթացքում սահմանվելու է ռուս խաղաղապահների մշտական հերթապահություն։ «Ճիշտ է, ռուս խաղաղապահներն ավելի վաղ ասել էին, որ պարեկային ծառայություն է լինելու, բայց և իրենց, և մեր կառավարության կողմից ես տեղեկացա, որ մոտակա օրերին մշտական հերթապահություն է կազմակերպվելու»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմից ավելի վաղ հերքել էին Եղցահողի գյուղապետի փոխանցած տեղեկությունը, թե Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են գյուղը հսկող սահմաններից։ Արտակ Հակոբյանն ի պատասխան ասաց․ «Երևի այդպես են անում, որ ժողովրդի մոտ խուճապ չառաջանա, բայց մեր ժողովուրդը խուճապի մատնվող ժողովուրդ չէ։ Ես ասել եմ, որ անգամ պատերազմի ժամանակ ոչ ոք չի լքել իր բնակավայրը, ընդհակառակը, դեռ համալրվել ենք։ Ու միանաշանակ մարդիկ ասում են, որ մնալու են գյուղում»։

Please enter a valid URL