Search
Close this search box.

«Գռզո»-ի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Երևանի կենտրոնում կրակել է Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գռզո» մականունով գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում կրակոցներ է արձակել՝ Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքով։

Հիշեցնենք, որ նրա Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ըկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։

Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ եղել է օրինական հիմքով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այն պարգեւատրված զենք է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։ Եւ գրավոր հարցում էինք ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե երբ է Ռ.Սուքիասյանը պարգեւատրվել ու ինչ ծառայությունների դիմաց։ Սակայն ՔԿ-ն, չհերքելով մեր տեղեկությունները, որ Սուքիասյանը մեղսագրվող հանցագործությունը կատարել է Ա. Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, շտապել է իր հովանու տակ վերցնել երկուսին էլ՝ նշելով, թե «նախաքննական գաղտնիք կազմող տվյալները կամ դեռևս չպարզված կամ ստուգման փուլում գտնվող հանգամանքները հրապարակման ենթակա չեն»։

Իսկապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ցուցաբերել է առանձնակի ունակություն՝ իր ղեկավարած կառույցի անկարողությունն ի ցույց դնելու համար։ Այն է՝ մի քանի ժամվա մեջ պարզել են, որ Գռզոյի եղբայրը օրինական զենքով է կրակել, որպեսզի ապօրինի զենք պահելու մեղադրանք չառաջադրեն, բայց հիմքերը պարզել չի հաջողվել։ Այսինքն` անցած մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել բացել նրան զենքով պարգեւատրելու մասին հրամանագիրն ու կարդալ ամսաթիվը, թե երբ է պարգեւատրվել Սուքիասյանն ու ինչի համար։

Թերեւս կարդալու համար եւս թույլտվություն է պետք, ինչը չունեն։

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ այս կառույցը՝ Քյարամյանի նախագահությամբ, փորձում է ծածկադմփոց անել իշխանական շրջանակների հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում կոռուպցիոն գործերը։ Դրանցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL