Search
Close this search box.

Բաքվի «ռազմական ավարի պուրակի» հարցով զոհված և անհայտ կորած 6 զինծառայողների հարազատներ դիմել են ՄԻԵԴ

Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով փաստաբան Կարեն Թումանյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը դիմումը ներկայացրել է 2020-ի 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից։

Փաստաբանը «Մեդիալաբին» ասում է՝ այս «պուրակի» բացմամբ կոնվենցիայի միանգամից մի քանի հիմնարար դրույթներ են խախտվել։

«Դիմել ենք Եվրոպական դատարան զոհված և անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից, քանի որ այդ մարդիկ կարծում են՝ Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը իրենց ազգային արժանապատվությունը նսեմացնող գործողություն է»,- նշում է Թումանյանը։

Նա ընդգծում է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտումների հիմքով են դիմել ՄԻԵԴ․ մասնավորապես դիմող կողմը պնդում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների, քանզի կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի»։ Ինչ վերաբերում է 8-րդ հոդվածին, ապա դիմող հարազատները հիմնավորում են, որ իրենց անձնական, ընտանեկան կյանքի իրավունքն է խախտվել։

Դիմելուց հետո պետք է սպասեն՝ վարույթ ընդունվի, ինչին հաջորդելու է հարցադրումների փուլը։ Հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ծանրաբեռնվածությունը՝ Թումանյանի համար սպասելի է, որ գործի քննությունը կարող է երկար տարիներ շարունակվել․ «Տարբերակ չկա, պետք է սպասենք»։

«Դիմել ենք ՄԻԵԴ ու ակնկալում ենք, որ եվրոպական բարձրագույն դատական ատյանը Ադրբեջանի կողմից խախտում կճանաչի «ավարի պուրակի» բացման փաստով։ Եվ երբ դատարանը խախտում ճանաչեց, արդեն կայացրած դատական ակտից հետո կհասկանանք՝ ինչ անել։ Դեռ վաղ է ակնկալիքների մասին խոսելը», -ասում է Թումանյանը։

Պատերազմի հետևանքով տուժած և Բաքվում «ավարի պուրակի» բացման փաստը վիճարկող ՀՀ քաղաքացիները, որոնց ներկայացնում է փաստաբանը, Լոռու մարզի են։ Նրանք ՄԻԵԴ-ից պահանջում են ճանաչել կոնվենցիայի հիմնարար իրավունքների խախտումները։

«Եվրոպական դատարանը «պուրակը» հանել-չհանելու հարց չի քննարկելու կամ նման պահանջ չի ներկայացնելու։ Անձնական կյանքի իրավունքի խախտման փաստն ինչո՞ւ ենք մատնանշել, քանի որ մեր վստահորդները կարծում են, որ «պուրակում», որի լուսանկարները ցուցադրվել են միջազգային առաջատար լրատվամիջոցներով, առանձնակի դաժանություն ներկայացնող տեսարաններ կան։ Այս դաժան տեսարանները հաշվի առնելով, եթե անձնական կյանքի իրավունքի խախտման փաստը հաստատվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ կարող է լինել։ Իհարկե չի բացառվում, որ այդ «պուրակն» էլ վերացվի»,- նշում է փաստաբանը։

Վանաձորում փաստաբանական գործունեություն իրականացնող Կարեն Թումանյանը և իր թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մեծ փորձ ունեն։ Պատերազմից հետո էլ ազատ չեն մնացել և դարձյալ պատերազմի հետևանքով զոհվածների ու անհայտ կորածների վերաբերյալ գործերով դիմել են ՄԻԵԴ։

«Միայն այս գործը չէ, և մենք պատերազմից հետո զոհվածների ու անհայտ կորածների հարցերով դիմել ենք Եվրոպական դատարան։ Նաև կառավարության հետ համագործակցությամբ ենք դիմել։ «Պուրակի» հետ կապված հարցը երկար քննարկումների արդյունք է, երբ տարբեր փաստեր համադրելուց հետո անհրաժեշտ համարեցինք դիմել ՄԻԵԴ»,- ընդգծում է Կարեն Թումանյանը։

Նշենք, որ Բաքվում ապրիլի 12-ին բացվել էր 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»։ «Պուրակում» հայկական զինտեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Մասնագետների գնահատմամբ՝ «պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար:

Please enter a valid URL