Search
Close this search box.

ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան

Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարությունը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վագաբզադեին 50 տարով արգելել է մուտք գործել ՌԴ, գրում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ սրան նախորդել էին ադրբեջանցու վիրավորական հայտարարությունները ՌԴ-ի և ռուս ժողովրդի նկատմամբ, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում:

Համապատասխան որոշման մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսական գերատեսչությունը զգուշացրել է, որ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք կոչ են անում քայքայիչ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր:

Օգոստոսի 10-ին Վագաբզադեն տեսաուղերձ էր տեսագրել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկուն: Նա հայտարարել էր, որ վիրավորված է քաղաքական գործչի խոսքերից՝ Ադրբեջանի պետականության կայացման գործում Ռուսաստանի դերի մասին, և կուսակցության առաջնորդին անվանել էր «ճարպոտ խոզ» և «ծեր էշ»:

«Դուք խոզերի պես գարշահոտ եք: Եվ ձեր ազգը գարշահոտ է»,-հավելել էր դիվանագետը:

Բացի այդ, Վահաբզադեն Իրանում գտնվող ռուս զինվորներին անվանել է «խոզեր»:

Ի պատասխան Վագաբզադեի հայտարարությանը՝ Ժիրինովսկին հայտարարել էր նախկին դիվանագետի դեմ քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին: Նա խոստացել էր, որ ռուսական կողմն այս հարցով «կոշտ նամակ» կուղարկի Ադրբեջանի Հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևին:

Please enter a valid URL