Search
Close this search box.

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են ինսուլտային նշաններ

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, առկա են ինսուլտային նշաններ։ Այս մասին այսօր «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստում հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով իր պաշտպանյալի բացակայության պատճառը։

«Բժշկական փաստաթղթերը կինն ասել է, որ այօր կբերի, բայց այս պահի դրությամբ դեռ չի բերել։ Հենց որ բերի, ես դատարանին կներկայացնեմ»,– ասաց Ալումյանը։

Դատավորի հարցին, թե ներկա պահին ի՞նչ վիճակում է Շիրխանյանը, անշա՞րժ է, կարողանո՞մ է խոսել, Ալումյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դատարան գալ չի կարող»։

Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող այլ մանրամասներ հայտնելու համար Ալումյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ։ Դատավորը բավարարեց փաստաբանի առաջարկը և լրագրողներին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք` Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերի 19-ին`«զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Նորք–Մարաշում զինված խումբ է վնասազերծվել:
Ըստ մեղադրանքի՝ խումբը գլխավորել է Արթուր Վարդանյանը։ Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես` թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել պետական կառավարման համակարգի կառույցների`ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

2018 թվականի հունիսի 25-ին Վահան Շիրխանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը Շիրխանյանի հանդեպ անօրինական գործողությունների դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։

Վահան Շիրխանյանը 74 տարեկան է, եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր` «Հայոց Համազգային Շարժում» խմբակցության կազմում, հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 — 2000 թվականներին եղել է Հայաստանի Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ 2008 թվականից անդամակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, 2015 թվականին հայտարարել է, որ դուրս է եկել ՍԴՀԿ–ից։

Please enter a valid URL