ՀԱՊԿ ներկայացուցիչներին մտահոգում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնումն ու դրանց հաճախակիացումը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումից հետո, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Եթե խոսում ենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները սպառված չեն: Իրականում դա կլիներ լավագույն տարբերակը բոլորի համար», — Զայնետդինովը մեջբերել է Զասի խոսքերը:
Զասը շեշտել է, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության վրա: Այն բարդացնում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը:
«Ստանիսլավ Զասը նաեւ ընդգծեց, որ անդամ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը ՀԱՊԿ-ի առանցքային առաջնահերթություններից է»,- նշել է Զայնետդինովը:
«Ընդգծվեց, որ առաջացած լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի անվտանգության վրա եւ ընդհանուր առմամբ կազմակերպության պատասխանատվության ոլորտում է ու բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի խաղաղ պայմանավորվածությունների կատարումը»,- ասել է նա:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի նախապատրաստման ընթացքը եւ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստումը Դուշանբեում եւ կազմակերպությունում նախագահության առաջիկա փոխանցումը Հայաստանին: Գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նիստերի նախապատրաստման ընթացքի մասին եւ ընդգծել ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ եւ շահագրգիռ դիրքորոշումը:
Մասնավորապես, նշվել է, որ 2022-ը կազմակերպության համար հոբելյանական տարի է: «Այս կապակցությամբ, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում մենք նախատեսում ենք որոշում ստորագրել «Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի մասին»,- Զասին մեջբերել է մամուլի քարտուղարը։ Նախատեսվում է նաեւ այլ փաստաթղթերի ստորագրում, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: