Search
Close this search box.

Մխիթարաշենում գիշերը հանգիստ է եղել, հիմա էլ իրավիճակը նորմալ է. համայնքի ղեկավար

Մխիթարաշենում գիշերը հանգիստ է եղել, հիմա էլ իրավիճակը նորմալ է, կրակոցներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը։

Նշենք, որ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ երեկ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Մխիթար Առստամյանի խոսքով՝ նոյեմբերի 9–ի հրադադարից հետո, համայնքում առաջին անգամ է հակառակորդը օգտագործում արկ, սակայն, օրինակ, ավտոմատից եւ պուլիմյոտից պարբերաբար կրակոցներ են հնչում։

«Գյուղն ուղիղ կրակի տակ է, հիմա, իհարկե, իրավիճակը հանգիստ է, բայց վախ միշտ էլ կա։ Գյուղում շատերը ծառայության մեջ են, ոմանք էլ անասուն են պահում, բայց հիմա արոտավայր չկա, տանում են կողքի գյուղը՝ Շոշը։ 44–օրյա պատերազմից հետո մեր գյուղի արոտավայրերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,– ասաց համայնքի ղեկավարը։

Please enter a valid URL